ARMENIA in EUROPE

«Հայաստանը Եվրոպայում» համահայկական երիտասարդական-ուսանողական շարժում

Հարգելի՛ ուսանող, «Հայաստանը Եվրոպայում» համահայկական երիտասարդական-ուսանողական շարժումը գաղափարական ընդհանրություն ունեցող անհատների միություն է, ովքեր հանդիսանում են եվրոպական քաղաքակրթության հիմքում դրված համամարդկային արժեքների և սկզբունքների կրողներ, աջակցում և խրախուսում են Հայաստանի եվրոպական ինտերգրման գործընթացը, Հայաստանը համարում են եվրոպական քաղաքակրթության անբաժանելի մասը:
Համահայկական ուսանողական շարժումը, հասկանալով և գիտակցելով իր պատասխանատվությունը այս գործրընթացում, իր առջև նպատակ է դնում համախմբել Հայաստանի եվրոպական ապագային հավատացող և առաջադեմ մտածողություն ունեցող, ինչպես նաև Հայաստանի ապագան եվրոպական ընտանիքում պատկերացնող ուսանողներին, որոնք, առաջնորդվելով իրենց գաղափարական համոզմունքներով, կձևավորեն Հայաստանի եվրոպական ապագայի ուսանողական օրակարգը` հետամուտ լինելով դրանում ամրագրված կետերի հետևողական և ամբողջական իրականացմանը:
«Հայաստանը Եվրոպայում» շարժումն իր առաջնային նպատակներն է համարում.

• Մշակել Հայաստանի եվրոպական ապագայի տեսլականը:
• Համախմբել եվրոպական քաղաքակրթական կողմնորոշում ունեցող բոլոր հայ ուսանողներին:
• Երիտասարդների շրջանում ձևավորել, ամրապնդել և տարածել մարդասիրության, ազատության, հանդուրժողականության, արժանապատվության վրա հիմնված արժեքային մտածողություն:
•Բարձր գիտակցությամբ և ողջախոհությամբ ստանձնել պետության և հասարակության ապագայի ամբողջ պատասխանատվությունը:
•Ամուր և կուռ գաղափարախոսության և գիտակցության հիմքի վրա ձևավորել Հայաստանի Հանրապետության ներքին դիմադրողականության ներուժ, որը կկարողանա դիմակայել և չեզոքացնել ինչպես դրսից, այնպես էլ ներսից նախաձեռնվող հակապետական և հակահայկական բոլոր տեսակի ծրագրերն ու գործողությունները:
• Մշակել Հայաստանի եվրոպական ապագայի ուսանողական օրակարգ:
• Ուսանողության ներուժի զարգացման և գաղափարական հարստացման միջոցով հզորացնել եվրոպական արժեքների վրա հիմնված քաղաքացիական հասարակությունը:
• Պրոակտիվ և հետևողական գործունեության միջոցով հետամուտ լինել Հայաստանի եվրոպական ապագայի օրակարգում տեղ գտած կետերի ամբողջական իրագործմանը:
• Բարձրացնել ուսանողների ներգրավվածությունը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պետության ապագային միտված ռազմավարությունների մշակման և իրականացման գործընթացում:

«Հայաստանը Եվրոպայում» շարժման մարտավարական քայլերը

Իր առջև դրված նպատակներն իրականացնելու և Հայաստանի եվրոպական ապագան երաշխավորելու նպատակով շարժումը նախատեսում է իրագործել հետևյալ միջոցառումները`
• Ձևավորել «Հայաստանը Եվրոպայում» երիտասարդական շարժման գործողությունների օրակարգ:
• Իր անդամներից ու համախոհներից ձևավորել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք իրենց ոլորտներում ձեռնամուխ կլինեն ռազմավարական ծրագրերի մշակմանը:
• Ուսանողության շրջանում տարածել և ամրապնդել քրիստոնեության հիմքի վրա ձևավորված եվրոպական արժեքային համակարգը:
• Ակտիվորեն մասնակցելով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացմանն ու ամրապնդմանը` աջակցել և խրախուսել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացը:
• Բացահայտել ուսանողների առջև ծառացած խնդիրների շրջանակը և հետևողականորեն հետամուտ լինել դրանց ամբողջական լուծմանը:
• Կազմակերպել սեմինարներ, դասընթացներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ առողջ բանավեճեր վարելու և խմբի աշխատանքների մասին տեղեկություններ հաղորդելու նպատակով:
• Մշակել և իրագործել ծրագրեր ՀՀ ողջ տարածքում` բնակիչների շրջանում տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու, ինչպես Երևանի, այնպես էլ մարզաբնակ ուսանողներին մասնակից դարձնելու նպատակով:

«Հայաստանը Եվրոպայում» համահայկական երիտասարդական-ուսանողական շարժումը մերժում է երիտասարդության շրջանում առկա անտարբերությունն ու հարմարվողականությունն այնպիսի հարցերում, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց հայրենիքի, ընտանիքի ապահովվածությանը, պաշտպանվածությանն ու բարեկեցությանը:
Ուստի կոչ ենք անում Հայաստանի եվրոպական ապագային հավատացող բոլոր ուսանողներին և ուսանողական խմբերին միանալ այս նախաձեռնությանը՝ ձևավորելով ամուր միասնություն և հզոր շարժում` մեր պետության և հասարակության առջև դրված մարտահրավերներին դիմակայելու և գաղափարներն առավել արդյունավետ կյանքի կոչելու համար: